Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Տրավմա և վերականգնում» խորագրով հայ-ֆրանսիական III գիտաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանի գլխավորությամբ, հուլիսի 2-ին մասնակցել են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Ֆրանսիայի Լե Վինաթիե հոգեբուժական համալսարանի (Լիոն) համատեղ կազմակերպած «Տրավմա և վերականգնում» խորագրով հայ-ֆրանսիական III գիտաժողովին:
Միջոցառման շրջանակներում զեկույցներով են հանդես եկել և հոգեբանական բնագավառի արդիական հարցերի շուրջ իրենց տեսլականով են կիսվել ոլորտի հայ, ֆրանսիացի, ռուս առաջատար մասնագետներն ու գիտնականները:
Ներկայացված թեմաներն առնչվում էին հետտրավմային սթրեսային խանգարումների վաղ միջամտություններին, մարտական տրավմայի ախտանիշների կանխատեսող նշանակությանը, ռազմական տրավմայի հոգեբանական միջամտության արդյունավետության գնահատմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած փախստականների հոգեբանական օգնության տրամադրմանը, Ստեփանակերտում պայթյունից տուժած անձանց հոգեբանական աջակցության առանձնահատկություններին և այլն:
Գիտաժողովի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը հանդես է եկել «Ընտանեկան տրավմաների հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով զեկույցով, որում ներկայացրել է ընտանեկան հոգեբանական տրավմաների առաջացման պատճառները, ընտանիքի փոխհարաբերությունների նշանակությունը հոգեբանական տրավմաների կանխարգելման համատեքստում:
Աղուզումցյանի խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել հոգեկան տրավման հոգեբանական տրավմայից:
«Հոգեկան տրավման մարդու հոգեկան առողջությանը հասցված վնասն է, որը ենթակա է գնահատման հոգեբուժության ոլորտի մասնագետների կողմից, իսկ հոգեբանական տրավմայի ազդեցությունը կարող է արտահայտված չլինել, ի հայտ գալ ավելի ուշ և վերափոխվելով՝ իր ազդեցությունն ունենալ մարդու տարբեր տարիքներում: Ընտանեկան տրավմաների հիմնական պատճառներից են ծնողական սխալ վարքն ու դաստիարակությունը»,-նշել է պրոֆեսորը՝ նկատելով, որ հաճախ ծնողը չի էլ կարող պատկերացնել, թե երեխայի մոտ ինչ հոգեբանական տրավմա կարող է առաջ բերել իր վարքը կամ խոսքը:
Աղուզումցյանը նշել է, որ ներկայումս քաղաքացիական գործերով շատ են դեպքերը, երբ ամուսնալուծություններից հետո նախկին ամուսինները երեխաներին օգտագործում են որպես գործիք՝ նրանց հասցնելով հոգեբանական բազմաթիվ տրավմաներ, ինչն էլ հետագայում արտահայտվում է տարբեր տարիքներում:
09 July 2024